Ապրիլի 17-ին, ժամը 18.00-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ ստացվեց, որ Նոր Նորքի Վ. Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի դիմացի այգում խուլիգանություն է կատարվում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերը Դավիթ Բեկի փողոցում գտնվող “Քրեզի հորս” սրճարանի հետնամասում ականատես եղան խուլիգանական գործողությունների, որոնց մասնակցում էր մոտ 60-70 մարդ: Զանգվածային անկարգությունը կանխելու նպատակով տարածքն անհապաղ շրջափակվեց ու նախազգուշական կրակոց արձակվեց: Տիրապետելով օպերատիվ իրավիճակին`ոստիկաններն իրականացրին խուլիգանության մասնակիցների զինաթափումն ու շղթայումը:
Դեպքի վայրից ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 55 անձ, որոնցից 36-ը ձերբակալվել են:
Նշված անձանց զինաթափման, դեպքի վայրի զննության եւ սանրման ընթացքում հայտնաբերվել է 12 ատրճանակ: Այդ թվում 3 “ՏՏ”, 4 “Մակարով”, 2 թմբուկավոր, մեկական “Բերետա” եւ “Բրեվետե” տեսակի եւ մեկ հատ արտասահմանյան, դեռեւս չպարզված տիպի ատրճանակ, բոլորն էլ լիցքավորված: Պարզվել է, որ զանգվածային անկարգության մասնակիցների միջեւ վեճը ծագել է գումարային խնդիրների շուրջ: Խուլիգանություն կատարողները հիմնականում նախկինում դատապարտվածներ ու թմրամոլներ են:
Ի պատասխան որոշ լրատվամիջոցներում տեղ գտած շահարկումների հայտնում ենք, որ անկարգության մասնակիցները որեւէ կուսակցության կամ հասարակական կազմակերպության անդամ չեն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախաքննությունը շարունակվում է, հաղորդում է ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունը: