20 ապրիլի 2010 - 16:28 AMT
Հայկ Դեմոյան. Թուրքական Հանրապետությունը կոպտորեն խախտում է Լոզանի պայմանագիրը

Թուրքական Հանրապետությունն իր գոյության ողջ ընթացքում ոչնչացրել է հայ մշակույթի հուշարձանները`կոպտորեն խախտելով Լոզանի պայմանագիրը: Այդ մասին, ելույթ ունենալով Երևանում “Մշակութային ցեղասպանություն” միջազգային խորհրդաժողովի շրջանակներում, հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ըստ նրա, մշակութային ժառանգության ոչնչացումը պատժելի հանցագործություն է, և հայկական կողմը բոլոր փաստերն ունի, որոնք վկայում են Թուրքիայի տարածքում հայկական հուշարձանների ոչնչացման մասին: Ինչպես ասել է Դեմոյանը, Հայաստանը պատրաստ է այդ փաստերը ներկայացնել ցանկացած միջազգային ատյան:

“Մենք պետք է գործենք և համարժեք գնահատական տանք այնպիսի գործողություններին, ինչպիսին էր, օրինակ, Ջուղայի խաչքարերի ոչնչացումը”,-ասել է պատմաբանը: Ըստ նրա, այսօր Թուրքիան, կանխազգալով ահագնացող վտանգը, հայտարարում է Ախթամար կղզում Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնումը ստանձնելու պատրաստակամության մասին, սակայն դա սուտ է: “Անկարան այդ հայտարարություններով ցանկանում է խուսափել պատասխանատվությունից”,-նշել է Հայկ Դեմոյանը: