Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խնդիր է դրել ձևավորել երկրի արական սեռի ներկայացուցիչների հաշվառման ընդհանուր համակարգ, որպեսզի պետությունն իմանա, թե որտեղ են նրանք գտնվում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախարարությունում տեղի ունեցած հանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստում:
Ըստ Օհանյանի, ՀՀ կառավարությունը այս խնդրի կարգավորման նպատակով նաև պետք է հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ :
ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև զինկոմիսարների ռոտացիայի հարցին` 2010թ. գարնանային զորակոչից հետո: Նա զգուշացրել է բոլոր կոմիսարներին` չորոնել նախկին աշխատավայրը պահպանելու այլ միջոցներ: “Եթե նման փորձեր գրանցվեն, անձամբ իմ կողմից կձեռնարկվեն առավել խիստ միջոցներ այդ զինկոմների նկատմամբ”,-ասել է Սեյրան Օհանյանը:
Նա նաև հանդես է եկել ՀՀ “Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին” օրենքի կիրառության օգտին, քանի դեռ չի ընդունվել նոր օրինագիծը: “Ճիշտ է, վերոնշյալ օրենը գործում է 27 տարին լրացած քաղաքացիների համար, որոնք խուսափել են զինվորական ծառայությունից և մինչև 2009թ. մայիսի 1-ը վերադառնում էին և որոշակի տուգանք մուծում: Քանի որ խորհրդարանը դեռևս չի ընդունել նոր օրինագիծը, մենք կողմ ենք որպեսզի շարունակի գործել հին օրենքը”,-նշել է նա: