21 ապրիլի 2010 - 11:19 AMT
ԱՄՆ սենատորները կոչ են անում Բարաք Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կալիֆորնիայից ընտրված սենատոր Բարբարա Բոքսերը և 14 սենատորներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով “որդեգրել ճիշտ տեսակետ պատմության հանդեպ և առանց վերապահումների ճանաչել Հայոց ցեղասպանությունը”: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտնել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) մամուլի հետ պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը:

“Մենք երախտապարտ ենք սենատոր Բոքսերին և նրա գործընկերներին այն ջանքերի համար, որոնք ուղղված են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը վերջ տալուն: Հայոց ցեղասպանության ժխտումը բարոյական սնանկություն կդառնա մեր երկրի համար, որը պայքարում է ցեղասպանությունների ցիկլի դեմ: Նախագահ Օբաման կամ պետք է դառնա ճշմարտության ջատագով, կամ մնա թուրքական կառավարության մեղսակիցը մարդկության դեմ կատարված այդ հանցագործության ժխտման հարցում”,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Սպիտակ տանը հասցեագրված նամակում սենատոր Բոքսերը և 14 սենատորներ 10 նահանգներից, նշում են, որ չնայած անհերքելի ապացույցներին, Միացյալ Նահանգների կառավարությունը մինչ օրս չի ճանաչել 1915-1923թթ. Ցեղասպանությունը: Նամակի հեղինակները կոչ են անում շտկել անարդարությունը և ապրիլի 24-ին հայտարարել, որ 20-րդ դարի ամենամեծ վայրագություններից մեկը հենց Հայոց ցեղասպանությունն է եղել:

Նամակի հեղինակներից մեկը` Նևադայից սենատոր Ջոն Էնսայնը հիշեցրել է, որ ապրիլին լրանում է Հայոց ցեղասպանության 95-ամյակը: “95 տարի առաջ տեղի ունեցած վայրագությունները մեր կառավարությունը մինչ օրս չի ճանաչել որպես ցեղասպանություն: Այս նամակում ես և իմ գործընկերները կոչ ենք անում նախագահ Օբամային հայտարարել, որ մտադրված և կանխամտածված սպանությունների արդյունքում զոհված անմեղ տղամարդիկ, կանայք և երեխաները Ցեղասպանության զոհեր են”,-ասել է սենատորը:

Նամակի պատճեն կստանա նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: