11 հունիսի 2003 - 22:05 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ խորհրդարանում ձայների մեծամասնություն ստացած Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր» եւ Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները այսօր ստորագրել են հուշագիր, որը հաստատում է երկրի կառավարության նոր կազմի ձեւավորման սկզբունքները: Ինչպես լրագրողներին է հաղորդել ՀՀԿ-ի կողմից փաստաթուղթը ստորագրած Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ՀՀ նոր կառավարությունում երեքական նախարարական պորտֆելներ կստանան «Օրինաց երկիր» եւ Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները: Վեց նախարարական պաշտոնները կպահպանի Հանրապետական կուսակցությունը: Բացի վարչապետի պաշտոնից ՀԿԿ-ն կտնօրինի հետեւյալ նախարարությունները` տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքների համակարգման, ֆինանսների եւ էկոնոմիկայի, առեւտրի եւ տնտեսական զարգացման, բնապահպանության, կապի: Նշենք, որ «Օրինաց երկիր» կուսակցության անդամները կղեկավարեն քաղաքաշինության, կրության եւ գիտության, ինչպես նաեւ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունները: Իսկ Դաշնակցությունը կզբաղեցնի գյուղատնտեսության, առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարների պաշտոնները: Երեք նախարարական պաշտոն` պաշտպանության, արտաքին գործերի եւ արդարադատության, մնում են կոալիցիայի «շրջանակներից» դուրս եւ այդ նախարարությունների ղեկավարներին կնշանակի երկրի նախագահը: Ստորագրած հուշագրի համաձայն, նշել է վարչապետը, երկրի օրենսդիր եւ գործադիր մարմինների գործունեության պատասխանատվությունը հավասար չափով կկրեն վերոհիշյալ կուսակցությունները, «անկախ այն բանից, թե ում ինչքան պորտֆել բաժին կընկնի»: Ընդ որում, Անդրանիկ Մարգարյանը ընդգծել է, որ կոալիցիոն կառավարությունը կհամագործակցի նաեւ նախագահին աջակցող այլ քաղաքական ուժերի հետ: