22 ապրիլի 2010 - 13:16 AMT
Եվրոպայի Հայերի համագումար. Արդարությունն է ծնում խաղաղություն

Ոգեկոչելով Ցեղասպանության զոհ դարձած բյուրավոր նահատակների 95-ամյակը, մեկ անգամ ևս աշխարհին հիշեցնում ենք, որ մարդկության դեմ կատարված այս ոճրագործությունը պետք է դատապարտվի եւ հանցավորները պետք է հատուցեն: Այս մասին ասվում է Եվրոպայի Հայերի համագումարի հայտարարության մեջ:

95 տարի անց մարդկությունը դեռ չի կարողացել իր քաղաքակրթությունն ապացուցել՝ դատապարտելով անմարդկային այդ ոճրագործությունը: Ցեղասպանությունը դեռ շարունակվում է, քանի որ Թուրքիայի կողմից ցեղասպանության հերքումը ցեղասպանության կատարման վերջին արարն է: Օսմանյան Թուրքիայի պատմական եւ իրավական ժառանգները 95 տարի անց սպառնում են, որ Թուրքիայում ապօրինի բնակություն հաստատած Հայաստանի քաղաքացիներին կարտաքսեն: Թուրքիան ձգտում է աշխարհին ցույց տալ, թե բոլոր հարեւանների հետ ցանկանում է ունենալ նորմալ եւ բարիդրացիական հարաբերություններ, սակայն, միեւնույն ժամանակ, շրջափակման է ենթարկում ՀՀ-ը:

Անկախ նրանից, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունները «կարգավորող գործընթացն» ինչպիսի ընթացք եւ ավարտ կունենա, չպետք է թույլ տալ, որ այն հայ ժողովրդի մեջ պառակտում առաջացնի եւ մեր ուժերը ջլատի:

Կոչ ենք անում համայն հայությանը համախմբելու իր ողջ ներուժը, աննահանջ, կայուն ու համատեղ պայքարել Ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման ու մեր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար: Իրական խաղաղություն, հաշտություն եւ հարաբերություն հաստատելու իմնաքարը արդարության հաստատումն է:

Արդարությունն է ծնում խաղաղություն, ասվում է Եվրոպայի Հայերի համագումարի (AAE) հայտարարության մեջ: