22 ապրիլի 2010 - 15:08 AMT
Արմեն Մարտիրոսյան. ՀՀ կոալիցիային մեկ տարի պահանջվեց, հասկանալու համար, որ Թուրքիան խոսում է նախապայմանների լեզվով

“Ես դրական եմ համարում ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության քայլը, սակայն, միաժամանակ, գտնում են, որ այն ուշացած էր”,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է “Ժառանգություն” կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, դա լոկ գործի կեսն է, անհրաժեշտ է, որ Հայաստանը հետ կանչի իր ստորագրությունը: “Եթե հետագայում լինեն նոր գործընթացներ, երկիրը պետք է համաձայնվի միայն այն դեպքում, եթե Թուրքիան համաձայնվի կարգավորել հարաբերություններն առանց որևէ նախապայմանի և բացի սահմանը: Ափսոս, որ կոալիցիային մեկ տարի պահանջվեց, հասկանալու համար, որ Թուրքիան խոսում է նախապայմանների լեզվով”,-ասել է Մարտիրոսյանը: Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները հասկացան, որ այդպես շարունակել չի կարելի, և եթե գործընթացը շարունակվի, ապա ներքին խնդիրներին կավելանան արտաքինները:

Անդրադառնալով ՀՀ նախագահի առաջիկա ուղերձին` Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ ՀՀ նախագահը կհայտարարի այն մասին, որ Հայաստանը դուրս է գալիս հայ-թուրքական գործընթացից, հակառակ դեպքում կոալիցիայի քայլն անավարտ կմնա”,-ասել է “Ժառանգություն” կուսակցության նախագահը: