22 ապրիլի 2010 - 16:25 AMT
Հայաստանի կառավարությունը կվերանայի 2010 թվականի հարկային բազան

“2010 թվականի առաջին եռամսյակի մեր տնտեսության կառուցվածքային փոփոխությունը ստիպում է մեզ վերանայել հարկման բազան եւ նրա գնահատականները”,-ապրիլի 22-ին կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ամփոփելով 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքները: Այս առնչությամբ վարչապետը հանձնարարական է տվել Ֆինանսների նախարարությանը, որպեսզի այս շաբաթվա ընթացքում ներկայացվեն հարկային բազայի նոր հաշվարկներ` ելնելով նոր իրողություններից եւ հաշվի առնելով կառուցվածքային փոփոխությունները, 2009, 2008 թվականների վերլուծությունները, թե ինչպիսին պետք է լինի 2010 թվականի հարկային բազան, որովհետեւ ՀՆԱ-ի աճի այս բարձր տեմպը վատացնում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը:

“Մենք 2010 թվականի համար ծրագրավորել ենք, որ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը պետք է ավելանա 0.4 տոկոսով: Այս պահի դրությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 3.5 անգամ ավելին է համախառն ներքին արդյունքի աճը, քան մենք պլանավորել էինք տարվա կտրվածքով, բնականաբար, հարկեր-ՀՆԱ ցուցանիշն առաջին եռամսյակում վատացել է նախորդ տարվա նույն եռամսյակի հետ համեմատած: Դա նշանակում է, որ հարկման բազան մենք պետք է ճշգրտենք 2010 թվականի համար”,-ասել է Տիգրան Սարգսյանը: