22 ապրիլի 2010 - 17:20 AMT
Թուրքիան լարում է իր քաղաքական մեքենան` պատասխան գտնելու համար ՀՀ կոալիցիոն կուսակցությունների հայտարարությանը

“Թուրքիան բաց թողեց Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու շանսը, սակայն ես չեմ կարծում, որ այդ շանսը վերջնականապես կորցված է”,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, Անկարան կարող է կարգավորել հարաբերություններն Երևանի հետ, եթե փոխի իր դիրքորոշումն այդ հարցում: Ընդ որում, նա նշել է, որ շարունակելով գործընթացի իմիտացիան, Թուրքիան ձեռք բերեց անհուսալի գործընկերոջ համբավ:

Անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձին` Մելքոնյանն ասաց, որ, հավանաբար, Սարգսյանը կհայտարարի գործընթացը սառեցնելու կամ արձանագրությունների տակ դրված ստորագրությունը հետ կանչելու մասին: “Այժմ Թուրքիան լարում է իր քաղաքական մեքենան` պատասխան գտնելու համար ՀՀ կոալիցիոն կուսակցությունների հայտարարությանը”,-ասել է Մելքոնյանը` հավելելով, որ Թուրքիան կփորձի գնալ շանտաժի ճանապարհով: Ընդ որում նա նշել է, որ Հայաստանը նման քայլեր է ձեռնարկում հենց այս պահին` նպատակ ունենալով կանխել առաջիկա շահարկումները, որոնք կարող են լինել ապրիլի 24-ին Թուրքիայի կամ ԱՄՆ-ի կողմից: