22 ապրիլի 2010 - 20:28 AMT
Հայաստանի կառավարությունը մտադիր է մոտակա տարիներին կտրուկ նվազեցնել բյուջեի դեֆիցիտը

Ապրիլի 22-ին Հայաստանի կառավարության նիստի ավարտին հայտարարությունների բաժնում միջնաժամկետ ծրագրերի մասին խոսել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նա ասել է, որ մինչև 2013-ը պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացում չի սպասվում

Հարցին անդրադարձել է նաև Տիգրան Սարգսյանը. “Պարոն Դավթյանի ասածի տնտեսական տրամաբանությունն այն է, որ մենք մոտակա տարիների ընթացքում կտրուկ նվազեցնում ենք բյուջեի դեֆիցիտը: Եթե նախորդ ճգնաժամային տարվա ընթացքում այն կտրուկ ավելացրեցինք, հասցնելով համախառն ներքին արդյունքի 7,7 տոկոսի, ապա այժմ պարտավոր ենք նվազեցնել բյուջեի դեֆիցիտը: Դա նշանակում է, որ բյուջետային ծախսերի աճի տեմպը չենք կարող մեծ թողնել, քանի որ բյուջեի դեֆիցիտը հասցնելու ենք 3 տոկոսի:

Պարոն Դավթյանը ճիշտ նշեց, որ սա զգուշավոր սցենար է, եթե դրական մակրոտնտեսական առկա միտումները պահպանվեն, նշանակում է, հնարավորություն կունենաք, նաև միջնաժամկետ ծախսային ծրագրում վերանայել մեր ծախսային հոդվածները”: