22 ապրիլի 2010 - 21:13 AMT
Իրանի դեսպանն Արմեն Աշոտյանին է փոխանցել Իրան այցելելու հրավերը

Ապրիլի 22-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյիդ Ալի Սաղաիանին: Դեսպանը նախարարին փոխանցեց ԻԻՀ-ի գիտության և տեխնոլոգիաների նախարարի` Իրան այցելելու հրավերը: Նախարարը, հույս հայտնեց, որ այցն օգտակար և արդյունավետ կլինի` կրթության ոլորտում հայ-իրանական կապերի ամրապնդման և հետագա համագործակցության տեսանկյունից:

Ա. Աշոտյանը նշեց, որ հայկական պատվիրակության կազմում բացի նախարարության աշխատակիցներից, կլինեն նաև ՀՀ երկու խոշոր բուհերի ռեկտորներ, որը կխթանի նաև երկու երկրների միջև միջբուհական համագործակցությունը` ընդգծելով, որ հայտնի է, թե ինչ մեծ ուշադրություն է դարձնում Իրանի կառավարությունը բարձրագույն կրթության ոլորտին և երիտասարդների հետ տարվող աշխատանքներին:

Նա անդրադարձավ նաև նախատեսվող այցի ընթացքում արծարծվելիք բուհերի դիպլոմների փոխճանաչման խնդիրներին` նշելով, որ դեսպանի հնչեցրած երկուստեք մտահոգությունից հետո մի շարք քայլեր են արվել այդ ուղղությամբ, մասնավորապես, խստացվել են կրթության որակի նկատմամբ վերահսկողության մեխանիզմները: «Կրթության որակի հետևողական բարձրացումը և ուսումնական գործընթացին նոր շունչ հաղորդելը հանդիսանում են մեր գերակա խնդիրը»,-նշեց նախարարը` հավելելով, որ այդ քայլերը տարերային բնույթ չունեն և քաղաքական հետևողականության արդյունք են:

Այցի շրջանակում նախատեսված են Ա. Աշոտյանի այցելությունները Թեհրանի հայկական դպրոցներից մեկը, մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ, ինչպես նաև հանդիպումներ հայ համայնքի ներկայացուցիչների և ՀՀ-ում սովորող իրանցի ուսանողների ծնողների հետ: