23 ապրիլի 2010 - 11:38 AMT
ԱՄՆ-ն կոչ է արել Հայաստանին և Թուրքիային “չփակել բոլոր դռները”

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլը կասեցնելու մասին ցույց է տալիս, որ Հայաստանը չի դադարեցնում գործընթացը, այլ միայն սառեցնում է այն այնքան ժամանակ, մինչև Թուրքիան պատրաստ կլինի անցնել առաջ: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը` մեկնաբանելով ՀՀ նախագահի վերջին հայտարարությունը: “Մենք ողջունում ենք Սերժ Սարգսյանի որոշումը շարունակել աշխատանքը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորումն օգտակար կլինի ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլ նաև ողջԿովկասի համար: Մենք կոչ ենք անում կողմերին չփակել դռները հայ-թուրքական հարաբերությունների հետագա հնարավորությունների առաջ”,- ասել է Գորդոնը:

Ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին: