23 ապրիլի 2010 - 12:50 AMT
Արգենտինայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո

Բուենոս Այրեսի խորհրդարանի և «Արմենիա» մշակութային միության համատեղ նախաձեռնությամբ ապրիլի 20-ին Արգենտինայի մայրաքաղաքի խորհրդարանի «Ոսկեզօծ սահլիճում» կայացել է հանդիսավոր երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին Բուենոս Այրեսի խորհրդարանի անդամներ Մարիա Խոսե Լուբերտինոն և Ֆաբիո Բաստերիոն, Արգենտինայի Արդարադատության Գերագույն դատարանի անդամ Էուխենիո Սաֆարոնին, մայրաքաղաքի քաղաքական-հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, արգենտինահայ համայնքային կառույցների տասնյակ անդամներ:

Հանդիսավոր երեկոյին մասնակցել են նաև Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու Հայաստանյաց առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը:

Ելույթ ունեցողները նշեցին, որ «հակառակ թուրքական իշխանությունների կողմից հայ ազգի բնաջնջման փորձերի, հայերն այսօր թե Հայաստանում, թե սփռված աշխարհով մեկ, ապացուցեցին իրենց ապրելու ու արարելու իրավունք»: Նրանք կոչ արեցին Թուրքիայի կառավարությանը հաշտվել սեփական անցյալի հետ, ընդունել և դատապարտել 95 տարի առաջ հայ ժողովրդի դեմ գործած ոճրագործությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: