23 ապրիլի 2010 - 13:35 AMT
Վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնը բացահայտել է կոռուպցիոն ռիսկի երեք նոր տեսակ

“Կոռուպցիոն ռիսկերի բացահայտումը ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներում” ծրագրի իրականացման արդյունքում “Աքիլլես” Վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնը բացահայտել է կոռուպցիոն ռիսկի երեք նոր տեսակ: Այդ մասին լրագրողներին է ասել կազմակերպության տնօրեն Էդուարդ Հովհաննիսյանը:

Մասնավորապես, ըստ նրա, բացահայտվել է 1003 դեպք, երբ ճանապարհային ոստիկանությունը տուգանել է վարորդներին տեխզննման համար, որի ժամկետը դեռ չէր լրացել: Երկրորդ դեպքը` երբ տեսուչը հրաժարավել է ցույց տալ նկարահանումը, որն ապացուցում է վարորդի խախտումը: Բացի այդ, բացահայտվել են դեպքեր, երբ տեսուչը գազասարքավորման տեղադրման փաստաթուղթ է պահանջել վարորդից: “Գազի սարքավորման տեղադրումը չի համարվում մեքենայի վերափոխում և տեսուչն իրավունք չունի ստուգել այդ փաստաթղթի առկայությունը: Վարորդները պետք է ունենան միայն վարորդական իրավունք և տեխանձնագիր”,-ասել է “Աքիլլեսի” տնօրենը:

Ընդ որում, նա հավելել է, որ բոլոր մնացած կոռուպցիոն ռիսկերը կրճատվել են, մասնավորապես` մեքենաների հաշվառման, համարանիշերի հատկացման, վարորդական իրավունքների ստացման բաժանմունքներում: