23 ապրիլի 2010 - 13:37 AMT
Լիբանանում բացվել է «Հարգանք Հայոց ցեղասպանության նահատակներին» խորագրով ցուցահանդեսը

Այս օրերին Լիբանանում տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ` ոգեկոչման երեկոներ, քայլարշավներ, դասախոսություններ, մշակութային ու գեղարվեստական այլ ձեռնարկներ, ֆիլմերի ցուցադրումներ` նվիրված Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցին:

Ապրիլի 22-ին Համազգայինի «Լյուսի Թութունջյան» պատկերասրահում Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հովանավորությամբ պաշտոնապես բացվել է հավաքական ցուցահանդես` «Հարգանք Հայոց ցեղասպանության նահատակներին» խորագրով: Ցուցահանդեսին ներկայացված են լիբանանցի և հայազգի արվեստագետների աշխատանքներ: Ելույթ ունեցողները նշել են, որ ցուցահանդեսը բողոք է անարդարության դեմ և արտահայտում է մարդկային հոգեկան ու Ֆիզիկական տառապանքները: Այն ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս վերապրելու հայ ժողովրդի ծանր ցավը և դատապարտելու մեր ժողովրդի հանդեպ կատարված սարսափելի ոճրագործությունը:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, հայազգի պատգամավորներ, պաշտոնյաներ, Հայաստանի դեսպանության ողջ անձնակազմը, Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ Եպիսկոպոս Խաչերյանը, Բուրջ Համուտի քաղաքապետ Անդրանիկ Մսրլյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: