23 ապրիլի 2010 - 17:27 AMT
Կանադայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 14-ին Կանադայի խորհրդարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված հուշ-երեկո, որին կանադահայ կազմակերպություններից բացի մասնակցել են Կանադայի խորհրդարանի բազմաթիվ անդամներ և Կանադայում հավատարմագրված դիվանագետներ: Ելույթ են ունեցել Կանադայի խորհրդարանում ներկայացված Պահպանողական, Ազատական, Նոր դեմոկրատական կուսակցությունների և “Քեբեկյան բլոկ”-ի պաշտոնական ներկայացուցիչները, Կանադայի գիտության և տեխնոլոգիաների նախարարը: Օրվա բանախոսներն էին հանրահայտ կանադահայ դերասանուհի Արսինէ Խանջյանն ու հայտնի ցեղասպանագետ, ռաբբի Սթիվեն Ջեյկոբսը (ԱՄՆ):

Միջոցառումը եզրափակել է Կանադայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հակոբյանը, որը մասնավորապես, շնորհակալություն է հայտնել Կանադայի իշխանություններին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և հայ-թուրքական հարաբերություններում կառուցողական մոտեցում ցուցաբերելու համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: