23 ապրիլի 2010 - 20:11 AMT
Երուսաղեմի հայերը բողոքի ցույց կկազմակերպեն Թուրքիայի դեսպանատան առջև

Ապրիլի 24-ին Երուսաղեմում և Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան առջև տեղի կունենա բողոքի ցույց` Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման դեմ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է “Հայ դատի” Երուսաղեմի ներկայացուցիչ Ժորժետա Ավագյանը, բողոքի ակցիաներին կմասնակցի շուրջ 300-400 մարդ:

Ապրիլի 24-ի առավոտյան Իսրայելի հայկական եկեղեցիներում և ՀԱԵ Երուսաղեմի թեմում կմատուցվի պատարագ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Պատարագին ներկա կգտնվեն Քնեսեթի, կառավարության անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ժ.Ավագյանը հայտնել է, որ այս շաբաթ “Հայ դատի” Երուսաղեմի ներկայացուցչությունը նամակ է հղել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին, որտեղ կոչ է արել երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: