23 ապրիլի 2010 - 20:55 AMT
Ամերիկայի Հայոց Ցեղասպանության Թանգարանում բացվեց ՀԱԻ հետազոտական գրադարանը

Ամերիկայի Հայոց Ցեղասպանության Թանգարանը բացեց Հայ Ազգային Ինստիտուտի (ՀԱԻ) հետազոտական գրադարանը: Բացումը նախատեսված էր համակցել Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի հետ: Լինելով Հայոց Ցեղասպանության Թանգարանի բաղկացուցիչ մասը` Հայ Ազգային Ինստիտուտի գրադարանը ընդհանուր նախագծի կարևորագույն հատվածն է:Ինչպես նշեց թանգարանի հոգաբարձու և կառույցի խորհրդի նախագահ Վան Գրիգորյանը, թանգարանային նախագծի փուլերից առաջինը ՀԱԻ-ի գրադարանն է, որը սկզբում կծառայի գիտական հետազոտությունների համար: Դրանից հետո ծրագրվում է գրադարանի բացումը պատմական բանկի շենքում, կից հողատարածքների վերածումը հիշատակի այգու և 1334 G փողոցի վրա գտնվող թանգարանի գրասենակային շենքի ծայրամասային հատվածի վերանորոգումը, որն ապագայում հնարավոր կլինի ընդարձակել: "Ես անչափ հպարտ եմ, որ իմ պապի` դեսպան Հենրի Մորգենթաուի ժառանգությունը կպահպանվի և արժանի կերպով կգնահատվի Վաշինգտոնում տեղակայված այս ինստիտուտում և թանգարանում: Ես առ այսօր հպարտ եմ իմ պապի որոշմամբ` խիզախորեն բարձրաձայնել Օսմանյան Կայսրությունում հայ ժողովրդի դաժան ճակատագրի մասին, որը 20-րդ դարի սկզբին ենթարկվեց Ցեղասպանության: Ես հուսով եմ` նա կշարունակի օրինակ ծառայել պետական ոլորտում աշխատող ապագա սերունդների համար",- ընդգծել է Հենրի Մորգենթաու Երրորդը, որը Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Թաթուլ Մակարյանի հետ միասին անցկացրեց կարմիր ժապավենը կտրելու և բացման հանդիսավոր արարողությունը:

ՀԱԻ-ի տնօրեն Ռուբեն Ադալյանը նշեց, որ չնայած իր հագեցած հավաքածուին` ՀԱԻ-ի գրադարանը առավել հարստացել է դեսպան Մորգենթաուի անձնականգրքերով, որոնք մեզ նվիրաբերել է իր թոռը:

Բացման արարողությանը ներկա էին նաև Սրբուհի Պողոսյանը Հայկական Դեսպանատնից, Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերթ Ավետիսյանը, ինչպես նաև Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, ինչպես նաև Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցացիայի (ՀՈՒՀԱԱ) տնօրեն Մարկ Մամիկոնյանը: