23 ապրիլի 2010 - 21:51 AMT
Արմեն Ռուստամյան. “Հայաստանը չպետք է թույլ տա Թուրքիային Հայոց ցեղասպանության հարցը օգտագործել իր նպատակների համար”

Հայաստանի գլխավոր ձեռքբերումը վերջին ժամանակներում այն էր, որ Երևանը Թուրքիային թույլ չի տվել Հայոց ցեղասպանության հարցը դարձնել երկկողմանի հարաբերությունների քննարկման առարկա: Այս մասին Երևանում լրագրողներին հայտնել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

“Անկարայի երազանքը չիրականացավ: Նա չկարողացավ Հայոց ցեղասպանության հարցը ընդգրկել Հայաստանի և Թուրքիայի միջև քննարկումների օրակարգում”: Նրա խոսքերի համաձայն, 95 տարվա ընթացքում հայ ժողովուրդը մեծ արդյունքների է հասել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում:

“Այսօր Հայոց ցեղասպանության հարցը միայն հայ ժողովրդի հիմնախնդիրը չէ: Այն ողջ մարդկությանն է վերաբերում: Մենք չպետք է թույլ տանք, որ Թուրքիան այդ հարցն օգտագործի իր նպատակների համար: Ցեղասպանության հարցը միավորում է հայ ժողովրդին ազգային այլ խնդիրների շուրջ”, - ասել է Ռուստամյանը` ավելացնելով, որ Ցեղասպանության ընդունման հարցը ինքնանպատակ չէ: