23 ապրիլի 2010 - 22:18 AMT
ՆԱՏՕ. Բաքվում չեն թաքցնում, որ մտադիր են ռազմական ուժ կիրառել Ղարաբաղի դեմ

Ապրիլի 12-14 Ադրբեջանում էին գտնվում 14 խորհրդարանականներ ՆԱՏՕ-ի անդամ 8 երկրներից: ՆԱՏՕ-ի ԽՎ անդամների Բաքվում ունեցած հանդիպումներում գերակայել է ղարաբաղյան կարգավորման հարցը: Պատվիրակությունը տեղեկացվել է այն մասին, որ իրավիճակը հակամարտության գոտում մնում է վտանգավոր և, որ հակամարտության չկարգավորված լինելը զգալիորեն ավելացնում է պատերազմի վերսկսման վտանգը: Ադրբեջանի պաշտոնյաները զգուշացրել են, որ Բաքվի համար հակամարտության լուծման միակ այլընտրանքային ուղին ռազմական ուժի կիրառումը կլինի, քանի որ հակամարտության խաղաղ լուծման բոլոր այլ միջոցներն արդեն սպառվել են:

ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակությունը գլխավորում էր ՆԱՏՕ-ի ԽՎ քաղաքական կոմիտեի ՆԱՏՕ-ի գործընկերության ենթակոմիտեի նախագահ Ռայներ Սթիները: Նա հանդիպումներ է ունեցել Բաքվում միլի մեջլիսի արտաքին գործերի ու պաշտպանության կոմիտեների անդամների, Բաքվում ԵԱՀԿ ներկայացուցիչների և անկախ փորձագետների հետ, հաղորդում է Բաքվում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի կայքը: