24 ապրիլի 2010 - 12:12 AMT
Եթե մեր ստորագրությունը չլիներ Արձանագրությունների տակ, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կարագանար

“Ավելի ճիշտ կլիներ հետ կանչել Հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված Հայաստանի ստորագրությունը և դրանով իսկ ավարտել այս փուլը` ցույց տալով, որ այս պայմաններում գործընթացը շարունակելն անհնար է”,-լրագրողներին է հայտարարել ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Ըստ նրա, եթե Թուրքիան փորձի մեղմացնել իր նախապայմանները, ապա, հնարավոր է, որ Հայաստանի վրա կրկին սկսեն ճնշում գործադրել արձանագրություններն այս տեսքով ստորագրելու համար: “Ամենակարևորեն է չվավերացնել այդ փաստաթղթերն այս տեսքով, չսառեցնել գործընթացը,-ասել է Հովհաննիսյանը` հավելելով, որ Թուրքիայի ամենագլխավոր նախապայմանն այս փուլում, չհաշված գրավոր նախապայմանները, որ առկա են արձանագրություններում, վերաբերում են Ղարաբաղին:

“Այս փուլում կարող է ճնշում գործադրվել Հայաստանի վրա ղարաբաղյան հարցում, և այս պայմաններում պետությունն ու հանրությունը պետք է պատրաստ լինեն դիամակայել դրան”,-ասել է Հովհաննիսյանը: Ըստ նրա, դա ավելի հեշտ կլիներ անել, եթե ստորագրությունները հետ կանչվեին: “Ես հուսով եմ, որ հայ հանրությունը կկարողանա ստիպել պետությանը որևէ միակողմանի զիջում չանել Ղարաբաղի հարցում”,-ասել է Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին` Վահան Հովհաննիսյանն ասել է. “Քանի դեռ Հայաստանի ստորագրությունը շարունակում է մնալ Արձանագրությունների տակ, դա ազդում է նաև գործընթացի վրա: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակվում է, սակայն դանդաղ և դժվար, որի օրինակ կարող է ծառայել թիվ 252 բանաձևի քվեարկությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Եթե մեր ստորագրությունը չլիներ Արձանագրությունների տակ, քվեարկությունը բոլորովին այլ կերպ կընթանար: