24 ապրիլի 2010 - 20:29 AMT
Վան Գրիգորյան. «Օբաման ողջ աշխարհին ասաց, թե գիտի, որ 1915 թվին տեղի ունեցածը ցեղասպանություն էր»

Այսօր Մ.Նահանգների նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ հայկական համայնքին ուղղված իր ուղերձում արտասանել է հայերեն “Մեծ եղեռն” տերմինը, սակայն ես կուզեի, որ ԱՄՆ նախագահը օգտագործեր նաև միջազգային տերմինը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է Հայոց ցեղասպանության ամերիկյան թանգարանի շինարարության հոգաբարձուների խորհրդի նախագահ Վան Գրիգորյանը:

“Բացի այդ, Օբաման իր ելույթում նշելով, որ կարծիքը չի փոխել 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ, ողջ աշխարհին ասաց, թե գիտի որ 1915թ. կատարվածը ցեղասպանություն է եղել”, - ասել է Գրիգորյանը:

Նա նաև նշել է, որ թեև հիասթափված է Օբամայի ուղերձից, սակայն հասկանում է Ամերիկայի այս քայլը: Նրա խոսքերի համաձայն, ԱՄՆ հայտարարությունը ազդակ կլինի ԱՄՆ Կոնգրեսի համար, որպեսզի ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:

“Կարևոր է նաև, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ դրանից է կախված ոչ միայն այդ երկրի, այլև հայ-թուրքական հարաբերությունների ապագան”, - ընդգծել է Վան Գրիգորյանը: