24 ապրիլի 2010 - 22:44 AMT
Ռուբեն Սաֆրաստյան. ԱՄՆ-ն դեռևս հետաքրքրված է Թուրքիայով

Բարաք Օբամայի ուղերձը ԱՄՆ հայ համայնքին խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ն դեռևս հետաքրքրված է Թուրքիայով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, ԱՄՆ-ն չհաստատեց ժողովրդավարության հենակետի` իր իմիջը: "Բարաք Օբաման հերթական անգամ գործարք կնքեց իր խղճի հետ, ուստի արժանի է բարոյական դատապարտման",- ընդգծեց Սաֆրաստյանը:

Նա նշեց նաև, որ այս տարի վարչակազմն առանձնապես չի ճնշելու Կոնգրեսին Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման գործում: "Ճնշում կլինի, բայց ոչ այնպիսին, ինչպիսին նախորդ տարիներին էր: Պարզապես այն կոնգրեսականները, որոնք օժանդակում են Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, պետք է ավելի հաստատուն լինեն իրենց որոշման հարցում",- ընդգծեց Արևելագիտության ինստիտուտի տնօրենը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավանդական ուղերձով դիմեց ԱՄՆ հայ համայնքին, որում, ինչպես և անցյալ տարի, կիրառեց "Մեծ Եղեռն" տերմինը` խոսելով Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության մասին: