24 ապրիլի 2010 - 23:01 AMT
Ռուբեն Մելքոնյան. Օբաման կարտասանի "ցեղասպանություն" բառը, երբ հետագա քայլերի ծրագիր կունենա

"Ես չէի ակնկալում, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ամերիկայի հայ համայնքին հղված իր ամենամյա ուղերձում կօգտագործի "ցեղասպանություն" տերմինը",- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հայ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով, ԱՄՆ նախագահն իր ելույթում կօգտագործի "ցեղասպանություն" բառը, երբ հետագա քայլերի ծրագիր կունենա կամ էլ երբ թուրք հասարակությունն այնքան զարգացած լինի, որ կարողանա ճանաչել իր անցյալը: Ընդ որում, նա նկատեց, որ հայկական կողմի վերջին հայտարարությունները թուլացրեցին ԱՄՆ նախագահի ռեսուրսները, նա չկարողացավ հիմնվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա:

"Այսօր Թուրքիայի հասարակությունը պատրաստ չէ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը",- ասաց Մելքոնյանը` ավելացնելով, թե այն, որ թուրք մտավորականության ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված ակցիաներ են իրականացնում, մասնավոր բնույթ է կրում: "Այն, որ 74-միլիոնանոց Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչում են ընդամենը 30-40 հազար թուրքեր, առանձնակի դեր չի խաղում",- նկատեց հայ փորձագետը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավանդական ուղերձով դիմեց ԱՄՆ հայ համայնքին, որում, ինչպես և անցյալ տարի, կիրառեց "Մեծ Եղեռն" տերմինը` խոսելով Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության մասին: