24 ապրիլի 2010 - 23:38 AMT
Կալկաթայի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Առավոտյան Կալկաթայի Ս. Նազարեթ Մայր եկեղեցու բակում` եղեռնի հուշակոթողի մոտ, տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն: Արարողության ընթացքում հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը, Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Հակոբյանը, եկեղեցու վարչության անդամները, համայնքն ու ճեմարանականները ծաղկեպսակներ դրեցին հուշարձանին:

Նույն օրը` երեկոյան, տեղի ունեցավ հիշատակի երեկո` Մարդասիրականի սաների մասնակցությամբ: Երեկոն բացեց հնդկահայ հայտնի երգիչ Շեյն Հայրապետը` "Ավե Մարիա" երգով: Հուշ-երեկոյին ներկաներին իրենց պատգամը հղեցին դեսպան Արա Հակոբյանը և Հայր Խորենը:

"Մի ամբողջ ազգ խաչին գամվեց`միայն հայ լինելու համար: Թուրքերի ժխտողականությունը չի թողնում մեր վերքը սպիանա. նրանից դեռ արյուն է ծորում… Սիրելի ներկաներ, մեծեր ու փոքրեր, հատկապես ճեմարանականներ, եկեք մեր նահատակների հիշատակի օրը ուխտենք, որ տեր կկանգնենք հայ դատին, եկեք ուխտենք, որ կպայքարենք մինչև վերջ` խորտակելու համար թուրքական ժխտողականությունը",- նշեց Հայր Խորենը:

Հայոց ցեղասպանության ոգեկոչման հուշ-երեկոյին մասնակցում էր նաև Կալկաթայի կաթոլիկ արքեպիսկոպոս Լուկաս Սարքարը: Նա իր մխիթարանքի խոսքն ուղղեց հնդկահայ համայնքին, մասնավորապես, ասելով, որ անհնար է ջնջել Հայոց ցեղասպանության փաստը պատմության էջերից, քանի դեռ երկրագնդի վրա գեթ մեկ մարդ է ապրում", հաղորդում է Կալկաթայի հայ համայնքը: