25 ապրիլի 2010 - 09:22 AMT
Ղազախստանում և Ղրղըզստանում անցկացվում են Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ,Ղազախստանի հայաշատ քաղաքներում տեղի են ունեցել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ:

Ապրիլի 24-ին, վաղ առավոտյան, ք. Ալմաթիի “Սուրբ Կարապետ” հայկական եկեղեցում կատարվել է հոգեհանգստի արարողություն, որից հետո մասնակիցները ծաղկեպսակներ են դրել տեղի հայկական մշակութային կենտրոնում գտնվող խաչքար-հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը:

Աստանա և Կոստանայ քաղաքներում միջոցառումները սկսվել են տեղի ուղղափառ եկեղեցիներում անցկացված հիշատակի պատարագներով, որոնց կազմակերպման գործում անմիջական մասնակցություն են ունեցել ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը, “Էրեբունի” և “Վան” հայկական մշակութային կենտրոնների ղեկավարությունը:

Կոստանայի “Էրեբունի” հայկական համայնքի ջանքերով “Կոստանայի նորություններ” թերթում տպագրվել է Հայոց ցեղասպանության թեմայով նյութ, որը արտատպվել է www.armyane.kz էլեկտրոնային կայքէջում:

Աստանայում անցկացված հիշատակի միջոցառումներին մասնակցել են նաև Հայաստանից ժամանած ՀՀ ուսուցիչների պատվիրակությունը:

Օրվա երկրորդ կեսին և’ Աստանայում, և’ Կոստանայում հայ և այլ համայնքների ներկայացուցիչների համար կազմակերպվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված փաստագրական ֆիլմի ցուցադրություն` ի հիշատակ 1,5 միլիոն հայ նահատակների:

Սգո արարողություններ են անցկացվել նաև Կարագանդայի “Սպասկ” հուշահամալիրում, Պավլոդարի և Պետորապավլովսկի Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողի առջև, ուր մասնակցիների թվում, բացի հայերից, եղել են բազմաթիվ այլազգի ներկայացուցիչներ:

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակության օրը նշվել է նաև ք. Բիշքեկում: Չնայած Ղրղըզստանում դեռևս պահպանվող ներքաղաքական լարվածությանը, Բիշքեկում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը և “Նաիրի” հասարակական միությունը անցկացրել են հուշ-հավաք ու ծաղկեպսակներ են դրել հայկական խաչքարի առջև:

Բոլոր հայկական համայնքներում տեղի ժամանակով ժ.19.15-ին լռության րոպե է հայտարավել: