26 ապրիլի 2010 - 13:40 AMT
Կարլ Ֆրոչ. Ես չեմ կռվի Աբրահամի հետ Գերմանիայում

Super Six Boxing Classic մրցաշարում հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (Գերմանիա) հաջորդ մենամարտը կանցկացնի բրիտանացի Կարլ Ֆրոչի դեմ: Աբրահամը խոստանում է նոկաուտի ենթարկել իր ապագա մրցակցին.”Անհամբեր սպասում եմ Ֆրոչի հետ մենամարտին,-ասել է Աբրահամը:-Նա ուժեղ է, սակայն, կարծում եմ, որ նոկաուտ կուղարկեմ նրան: Ես չեմ զիջի նրան այս մենամարտում”:

Աբրահամը վստահ է, որ Ֆրոչի հետ մենամարտը տեղի կունենա օգոստոսի 21-ին Բեռլինում, սակայն Ֆրոչը դեմ է դրան: “Ես պնդելու եմ, որ Աբրահամի հետ մենամարտը տեղի ունենա Մեծ Բրիտանիայում: Ես չեմ մենամարտի Գերմանիայում, իսկ եթե ինձ փորձեն ստիպել մեկնել Բեռլին, ես ուղղակի չեմ մասնակցի մրցաշարին: Ի սկզբանե Showtime-ի հետ պայմանավորվածություն կար, որ արտագնա մենամարտից հետո ես պետք է կռվեմ իմ դաշտում”,-ասել է Ֆրոչը:

Սակայն, ըստ «Sauerland Events», ընկերության ներկայացուցչի, որի սանն է Ա.Աբրահամը, գտնում է, որ բրիտանացիների թիմը սխալ է ընկալել նախնական պայմանագրի դրությները: “Միակ համաձայնեցված բանն այն էր, որ մենամարտը տեղի է ունենալու Եվրոպայում: Իսկ մենամարտի հստակ վայրը կախված կլինի նրանից, թե ով ավելի մեծ գումար կառաջարկի: Հնարավոր է, Կարլը կարծում է, թե կարող է իր պայմանները թելադրել, սակայն դա այդպես չէ”: