26 ապրիլի 2010 - 14:12 AMT
Արտակ Շաքարյան. Թուրքիայի ձախ ուժերն օգտագործում են Հայոց ցեղասպանությունը թուրքական ֆաշիզմի դեմ պայքարում

Թուրք մտավորականության այն ներկայացուցիչները, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, կարող են մերան հանդիսանալ ողջ թուրք հանրության համար, նպաստելով, որ նա ճանաչի Ցեղասպանությունը: Սակայն, որպեսզի մերանը հասնունանա, համապատասխան մթնոլորտ է հարկավոր: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե պատրաստ է արդյոք թուրք հանրությունը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ըստ նրա, Հայաստանի գլխավոր խնդիրը Թուրքիայի հետ երկկողմ հարաբերոթյուններում այնպես անելն է, որ այդ մթնոլորտը ձևավորվի:

Ընդ որում, նա նշել է, որ թուրք մտավորականության ներկայացուցիչները, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, հայամետ չեն: “Թուրքական մտավորականության մի մասը հանդես է գալիս ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչման, այլ ուղղակի իշխանությունների և զինվորականների դեմ: Դրանք Թուրքիայի այն ձախ ուժերն են, որոնք օգտագործում են Հայկական հարցն Անկարայի դեմ”,-ասել է Շաքարյանը` հավելելով, որ այնպես է ստացվել, որ Հայոց ցեղասպանության ու ֆաշիզմի դեմ պայքարն այսօր ընթանում են նույն հունով: “Եթե գա մի օր, երբ այդ երկու հարցերը տարանջատվեն, ապա Հայոց ցեղասպանությունը ճանաչողների թիվը չի ավելանա”,-ասել է փորձագետը: Ընդ որում, նա նշե է, որ Թուրքիան փոխվել է: “Ասելով Թուրքիա, ես Ստամբուլն ի նկատի ունեմ: 10 տարի առաջ այդ քաղաքում անհնար կլիներ անցկացնել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում”,-ասել է Շաքարյանը` հավելեով, որ Ստամբուլն ու Թուրքիան միանգամայն տարբեր հասկացություններ են: Ըստ նրա, Անկարայից դեպի արևելք ազգայնականությունն ու իսլամիզմը շատ կողմնակիցներ ունեն: