26 ապրիլի 2010 - 16:18 AMT
Փասադենայում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության 95-ամյակի կապակցությամբ ապրիլի 24-ին Փասադենայի քաղաքապետարանի դիմաց հայկական կազմակերպությունների, հայկական եկեղեցու ու դպրոցների բազմաթիվ ներկայացուցիչներ էին հավաքվել:

Միջոցառմանը ներկա էին նաև Կալիֆոռնիայից կոնգրեսական Ադամ Շիֆֆը, նահանգի սենատոր Քերոլ Լյուն, Կալիֆոռնիայի Վեհաժողովի անդամ Էնտոնի Պորտանտինոն, Փասադենայի փոխքաղաքապետ Վիկտոր Գորդոն, ինչպես նաև քաղաքային խորհրդի անդամներ:

Միջոցառման ընթացքում Ադամ Շիֆֆը նշեց, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ամերիկայի հայ համայնքին հղված իր ամենամյա ուղերձում պետք է օգտագործի "ցեղասպանություն" տերմինը, այլ ոչ թե զանազան փոխարինող արտահայտություններ, որոնք չեն արտացոլում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղ գտած իրադարձությունները: Կոնգրեսականը խոստացավ նաև, որ կշարունակի պայքարել հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման:

Սենատոր Լյուն իր կողմից նշեց, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի ոչ թե վախի, այլ սեփական գաղափարների հաստատման վրա: Պորտանտինոն իր հերթին իր աջակցությունը հայտնեց հայ համայնքի ջանքերին ԱՄՆ կառավարության կողմից Ցեղասպանության ճանաչման հարցում: