Համաժողովի ընթացքում Վալոնիայի գործարարներին ներկայացվեց Հայաստանի Զարգացման հայկական գործակալության, Բելգիայի Վալոնիայի արտահանման գործակալության /AWEX/ և հայ-բելգիական առևտրի պալատի ներգրավմամբ իրականացվող ԱրմենՎալ ծրագիրը:
Համաժողովի ընթացքում քննարկվեցին Հայաստանի հետ հետագա համագործակցության և համատեղ գործարար ծրագրերի իրականացման հնարավորությունները:
ԱրմենՎալ ծրագրի հիմնական նպատակը բելգիական ներդրումների ներգրավմամբ Հայաստանում համատեղ ձեռնարկությունների հիմնումն է: Շեշտը դրվում է այնպիսի գործունեության վրա, որի արդյունքում հնարավոր կլինի համատեղ արտադրանքի կամ ծառայության սպառումն ապահովել ռուսական, ուկրաինական կամ այլ ԱՊՀ երկրների շուկաներում: Որդեգրված մոտեցման համաձայն, ակնկալվում է ներգրավել բելգիական ներդրումներ, համատեղ ուժերով ստեղծել արտադրանք և, օգտագործելով վերոնշյալ երկրների հետ Հայաստանի ունեցած լիբերալ առևտրային հարաբերությունները, ինչպես նաև քաղաքական և տնտեսական համագործակցության մակարդակը` այդ արտադրանքը արտահանել և իրացնել ԱՊՀ երկրներում:
Բելգիական ծրագիրը ֆինանսավորում են Վալոնիայի Արտահանման Գործակալությունըև UNIDO-ը: Ծրագրին աջակցում է նաև Բրյուսելում ՀՀ դեսպանությունը:
Ծրագիրը կիրականացվի մի քանի փուլով: Առաջին փուլում նախատեսված է հավաքագրել Հայաստանում և Բելգիայում որոշակի ոլորտներում համագործակցության և համատեղ արտադրական ու գործարար գործունեությամբ հետաքրքրված կազմակերպություններ` գյուղատնտեսական ապրանքների վերամշակման, դեղագործական և քիմիայի արդյունաբերության, շինարարության և այլ ոլորտներից:
Ընտրված ձեռնարկությունների հետ համապատասխան նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներն ամփոփելու նպատակով հունսին Բրյուսելում կկազմակերպվի սեմինար, որտեղ ընտրված ընկերությունների հետ կքննարկվեն հետագա քայլերի հաջորդականությունը և այլ մանրամասներ: 2010թ. սեպտեմբերին Հայաստանում կկազմակերպվի համատեղ գործարար համաժողով, որին կմասնակցեն հայկական և բելգիական համապատասխան կազմակերպությունները և կքննարկեն կոնկրետ գործարար ծրագրերն ու դրանց իրականացման մանրամասները:
Ծրագրի իրականացման խթանման նպատակով AWEX-ի կողմից իրականացվում են մասնակից կազմակերպություններին ֆինանսական օժանդակության և խրախուսման գործառույթներ` մասնավորապես հետաքրքրված բելգիական գործարարների Հայաստան այցելության հետ կապված ծախսերն ամբողջությամբ հոգալու է AWEX-ը, գործարար ծրագրերի իրականացման ընթացքում նախատեսվում են խթանող ֆինանսական աջակցության գործիքներ և այլն: AWEX-ի կողմից նախկինում նման ծավալի ֆինանսական ներգրավվածություն չի ցուցաբերվել և այս չափի ֆինանսավորումը գործարարների համար համարվում է աննախադեպ: Ծրագիրը իրականացվում է միայն Հայաստանի հետ և տարածաշրջանային նշանակություն չունի, ասված է հաղորդագրության մեջ: