Հայ երիտասարդները կայրեն Թուրքիայի դրոշն այնքան ժամանակ, քանի դեռ նա չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը: “Եթե Թուրքիան հարգում է իր պետական խորհրդանիշները և չի ցանկանում նման երևույթների վկան դառնալ, նա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և հատուցի բոլոր հետևանքների համար”,-ասել է Ղազարյանը:
Անդրադառնալով Թուրքիային ներկայացվող պահանջներին` Ղազարյանն ասել է.” “Պահանջատիրությունը չի սահմանափակվում հայ-թուրքական սահմանի բացմամբ կամ Ցեղասպանության ճանաչմամբ: Մենք բավարարված կլինենք միայն այն ժամանակ, երբ Սփյուռքը վերադառնա հայրենիք և կարողանա ապրել ազատ ու միասնական Հայաստանում”,-ասել է Ա.Ղազարյանը:
Իր հերթին “Բարգավաճ Հայաստան” կուսակցության երիտասարդության հարցերի գծով հանձնաժողովի քարտուղար Գևորգ Մանուկյանը, մեկնաբանելով կուսակցության դիրքորոշումը թուրքական դրոշի այրման հարցում, ասել է, որ “Բարգավաճ Հայաստանը” հարգում է մյուս կուսակցությունների գործողությունները, սակայն կողմ է, որ բոլոր հարցերը լուծվեն քաղաքակիրթ ճանապարհով:
Իր կողմից, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանը, անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին, ասել է, որ գործընթացը փակուղի մտավ ոչ թե ՀՀ նախագահի հայտարարությունից հետո, այլ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումից հետո: “Ըստ իս, ոչ Հայաստանը, ոչ Թուրքիան չեն ցանկանում շարունակել Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը”,-ասել է Մելիքյանը: