30 ապրիլի 2010 - 15:32 AMT
Հայ-թուրքական հարաբերությունների ջերմացումը կախված է Թուրքիայից

Հայ-թուրքական արձանագրություններն անընդունելի են մեզ համար, պաշտոնական Երևանը պետք է հետ կանչի իր ստորագրությունը: Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի միայն դիվանագիտական նոտայի պարզ փոխանակմամբ, և ոչ ավելին: Այդ մասին հայտարարել է “Ժառանգություն” կուսակցության վարչության պետ Արմեն Մարտիրոսյանը ՀՀ Աժ-ում տեղի ունեցած ճեպազրույցում:

Իր հերթին, “Օրինաց երկիր” խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների սառեցումն արժանի պատասխան է թուրքական կողմի նախապայմաններին: “Բայց մենք մտադիր ենք շարունակել հայ-թուրքական երկխոսությունը, և ես կարծում եմ, որ կգա ժամանակ, երբ Թուրքիան պատրաստ կլինի առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և կճանաչի Հայոց ցեղասպանությունը”,- նշել է նա` միաժամանակ դժվարանալով ասել, թե դա երբ կլինի:

“Հայ-թուրքական արձանագրությունները կարելի է մեռած համարել միայն այն դեպքում, եթե Թուրքիան մինչ այդ գործընթացի ավարտը չվավերացնի արձանագրություններն իր խորհրդարանում: Իսկ եթե թուրքական կողմն ամեն դեպքում վավերացնի արձանագրությունները, ապա գործընթացի սառեցումը Հայաստանի կողմից էական դեր չի ունենա”,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՅ Դաշնակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Իր ենթադրությունը նա հիմնավորել է նրանով, որ ՀՀ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացումից հետո հայկական կողմը նույն կերպ կվարվի:

Այս խնդրի վերաբերյալ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նշել է, որ Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցումը հնարավորություն է տալիս Թուրքիային ևս մեկ անգամ քննարկել Հայաստանի հետ առանց նախապայմաններ հարաբերություններ հաստատելու հարցը: “Եթե Թուրքիան վավերացնի Արձանագրությունները, ապա այդ փաստաթղթերի վավերացումը Հայաստանի խորհրդարանում խնդիրներ չի առաջացնի”,- ասել է նա, ավելացնելով, որ Հայաստանը կողմ է հայ-թուրքական երկխոսության շարունակմանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը նշել է, որ հայ-թուրքական Արձանագրություններն իրենց մեջ վտանգավոր տարրեր չունեն, և եթե Թուրքիան վավերացնի այդ փաստաթղթերն առանց նախապայմանների, այդ ժամանակ հայկական կողմը կվերանայի իր դիրքորոշումը: “Բայց ես դժվարանում եմ ասել, թե արդյոք Թուրքիան հենց այդպես կվարվի”,- ասել է պատգամավորը: