30 ապրիլի 2010 - 17:52 AMT
Հայաստանի դպրոցականները գիտելիքներ ձեռք կբերեն բջջային կապից անվտանգ օգտվելու հիմնական գիտելիքներ

“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է “Անվտանգ բջջային կապ. դպրոցականների հմտությունների զարգացում” ծրագրի երկրորդ փուլի ավարտի մասին, որն իրականացվում է “Երեխաների աջակցության կենտրոն” հիմնադրամի հետ համատեղ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է “ԱրմենՏել” ՓԲԸ մամլո ծառայությունը:

Հայաստանի 5 մարզերում դպրոցների տնօրենները և ուսուցիչները քննարկեցին անչափահասների շարժական անվտանգությանը վերաբերող խնդիրներ: Կլոր սեղանների քննարկումների արդյունքում 130 համայնքում կազմակերպվեցին բաց դասեր` նվիրված շարժական անվտանգությանը: Ավելի քան 3300 աշակերտ ստացան նախնական գիտելիքներ բջջային էթիկայի վերաբերյալ և ծանոթացան բջջային հեռախոսից անվտանգ օգտվելու կանոններին:

Սույն թվականի մայիսի կեսերին` “Անվտանգ բջջային կապ. դպրոցականների հմտությունների զարգացում” ծրագրի ավարտին, կկայանա “Անվտանգ բջջային կապ” թեմայով շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Մասնագետներից կազմված հատուկ հանձնաժողովը` ՀՀ Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, կընտրի լավագույն շարադրությունները: Հաղթողները և նրանց ուսուցիչները “ԱրմենՏել” ընկերության և “Երեխաների աջակցության կենտրոն” հիմնադրամի կողմից կստանան նվերներ և շնորհակալագրեր: