30 ապրիլի 2010 - 19:43 AMT
Ստեփան Սաֆարյան. “Արցախի խնդիրը Անկարայի պատերի ներքո քննարկման առարկա չէ”

Հայկական կողմը ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում ներգրավված կողմերին պետք է հստակորեն հասկացնի, որ այդ հիմնախնդիրը Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպման շրջանակներում քննարկման առարկա չէ:

“Ես հատուկ ընդգծում եմ այդ բանը, քանի որ Ռուսաստանի նախագահի Թուրքիա կատարելիք այցի շրջանակներում քննարկվող հարցերից մեկը հենց ղարաբաղյան հակամարտության հարցն է լինելու”, - ՀՀ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասել է “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքերի համաձայն, Հայաստանը նույնպես պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի հասնի Մինսկի խմբից Թուրքիայի վերջնականապես դուրս գալուն, քանի որ այդ երկրի ազդեցությունը ղարաբաղյան կարգավորման հարցում օր օրի աճում է:

Պատգամավորը նաև նշել է, որ մինչև Ռուսաստանի նախագահի այցը Թուրքիա, պաշտոնական Երևանը պետք է կողմերին ուղերձ ուղարկի այն մասին, որ ԼՂՀ հիմնախնդիրը Անկարայի պատերի ներքո քննարկման առարկա չէ: