Մայիսի 16-23-ը Իսպանիայի Վալենսիա քաղաքում տեղի կունենա Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամլո քարտուղար Փաշիկ Ալավերդյանը ասել է PanARMENIAN.Net-ի թղթակցին, որ առաջնությանը կմասնակցի 8 ծանրորդ և 1 ներկայացուցիչ կունենանք կանանց մրցումներում:
Վալենսիայում հանդես կգան Իզաբելա Յալյանը (53 կգ ք/կ), Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր Սմբատ Մարգարյանը (56 կգ ք/կ), Վարդան Միլիտոսյանը և Վլադիկ Կարապետյանը (62կգ ք/կ), Րաֆֆի Մելիքյանն ու Արեն Ներսեսյանը (77 կգ ք/կ), Ազատ Սայադյանը (85 կգ ք/կ), Համլետ Պողոսյանը (94 կգ ք/կ), Միշա Մուրադյանը և Գոռ Մինասյանը (+105 կգ ք/կ):
Իր հերթին պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Էդուարդ Կիզողյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է, որ 3 ուսումնամարզական հավաք է տեղի ունեցել: «Տարեսկզբին 2 հավաք ենք անցկացրել Ծաղկաձորում, իսկ արդեն մայիսի 3-ից մինչ առաջնության մեկնարկը մարզվելու ենք Աբովյանում: Կարծում եմ, իմ սաները պատրաստ են Եվրոպայի առաջնությանը”,-ասել է Կիզողյանը:
Ըստ մարզչի, հայ ծանրորդներն արդեն նվաճել են Օլիմպիական խաղերի 2 ուղեգիր: Մարզիկների անունները հայտնի կդառնան Եվրոպայի առաջնությունից հետո: