6 մայիսի 2010 - 15:00 AMT
Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Մայիսի 5-ին համանախագահները Վիեննայում տեղեկացրեցին ԵԱՀԿ Մինսկի խմբին բանակցությունների ներկա փուլի մասին և շնորհակալություն հայտնեցին ՄԽ-ին համանախագահների ջանքերին աջակցելու համար: Միջնորդներն ընդգծել են Մադրիդյան սկզբունքների, ինչպես նաև 2009թ. հուլիսի 10-ին Ակվիլայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության դրույթների վրա հիմնված կարգավորման մեջ առաջընթացի հասնելու կողմերի ձգտումը»:

Հայտարարության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահի կարգավիճակում Վիեննա կատարած իր վերջին այցի շրջանակներում Յուրի Մերզլյակովը պաշտոնապես Մինսկի խմբին ներկայացրեց նոր ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովին: Ակնկալվում է, որ մոտակա օրերին Պոպովը կհանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Եվրոպայում բանակցություններն առաջ մղելու հարցերը քննարկելու համար: