Մայիսի 7-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի դահլիճում տեղի կունենա ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգը` նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 65-ամյակին:
Ինչպես հայտնում է ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո քարտուղարը, համերգի կազմակերպիչներն են ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունը և ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը` ՄԱԿ-ին կից ԱՊՀ երկրների մշտական ներկայացուցչությունների աջակցությամբ:
ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ամենանշանակալի նախագծերից է: Նրա նպատակն է ընդլայնել ստեղծագործ երիտասարդության պրոֆեսիոնալ և անձնական շփումների հնարավորությունը` ականավոր կատարողների և դիրիժորների հետ ելույթների միջոցով:
Հայաստանից նվագախմբում հանդես է գալիս 7 երաժիշտ.
Արամ Բեքնազարյանը` հարվածայիններ Լուսինե Հարությունյանը` ջութակ Աշոտ Դումանյանը` ջութակ Շաղիկ Մարտիրոսյանը` ջութակ Տաթևիկ Շահինյանը` ջութակ Վերոնիկա Վարդպատրիկյանը` ալտ Արտեմ Նաղդյանը` թավջութակ:
Այս եզակի կոլեկտիվի առանձնահատկությունն այն է, որ նվագախմբի հետ աշխատում են Համագործակցության լավագույն դիրիժորները: Այս տարի դա կլինի հայտնի երաժիշտ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովը: Համերգին կմասնակցի նաև ականավոր դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Դենիս Մացուևը:
Նշենք, որ մայիսի 10-ին նման համերգ տեղի կունենա նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում: Համերգին կմասնակցի ուկրաինացի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Ալեքսանդր Գավրիլյուկը: