«Հայ-թուրքական սիրախաղը» սկսելուց առաջ Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանար, որ այդպիսի գործընթաց սկսելուց առաջ որոշակի ռեսուրսներ, ժամանակ և համազգային համաձայնություն էր անհրաժեշտ: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
«Մենք նախ` պետք է հավաքագրեինք մեր ռեսուրսները, հետո նոր միայն մտնեինք այդպիսի դիվանագիտական գործընթացի մեջ: Այդ գործընթացի միջոցով Հայաստանի նախագահը, որին երկրի ներսում չեն աջակցում, ուզում էր երկրից դուրս լեգիտիմություն ստանալ», - ասել է Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով, այն բոլոր գործընթացները, որ տեղի էին ունենում հայ-թուրքական երկխոսության շուրջ, թուլացրեցին Հայաստանի` որպես միջազգային սուբյեկտի դիրքերը:
Խոսելով հայ-թուրքական գործընթացի կասեցման ներկա փուլի մասին և մեկնաբանելով Հայաստանի նախագահի ապրիլի 23-ի ուղերձը, ՀԼԿ նախագահը հայտարարել է, որ այն ավելի շատ ներքին կիրառման համար էր:
«Իրականում արձանագրությունները շարունակում են մնալ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մեծ օրակարգում: Իրավական տեսանկյունից փոփոխություններ չկան», - ասել է Հովհաննիսյանը, ավելացնելով, որ այսօր գերտերությունները թույլ չեն տա Հայաստանին հրաժարվել արձանագրություններից: