6 մայիսի 2010 - 17:45 AMT
Կոնգրեսական Շիֆը սկսել է հավաքել Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց պատմությունները

Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հեղինակ, կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է անում Հայոց ցեղասպանությունը վերապրածներին և նրանց ժառանգներին ներկայացնել իրենց պատմություններն ու հիշողությունները 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին: Կոնգրեսականը մտադիր է հավաքել բոլոր այդ պատմությունները` այնուհետև ԱՄՆ Կոնգրեսի զեկույցի կազմում հրապարակելու նպատակով: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել կոնգրեսականի օգնական Մորին Շանահանը:

«Եկեք լցնենք Կոնգրեսի զեկույցն այն բոլոր մարդկանց անձնական պատմություններով, որոնք վերապրել են ցեղասպանությունը: Մենք կարող ենք օգտագործել այն, փաստագրելու համար 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Դա կարող է կարևոր աղբյուր հանդիսանալ պատմաբանների համար, մեր երկրի արխիվի համար և նպաստել Հայոց ցեղասպանության մասին բանաձևն առաջ տանելուն»,-ասել է Ա.Շիֆը: