7 մայիսի 2010 - 13:41 AMT
Հայաստանի դեսպանատները նշում են Հաղթանակի 65-ամյակը

Մայիսի 5-ին Կահիրեում հանդիսավոր կերպով նշվեց Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 65-ամյակը:

Ռուսական մշակութային կենտրոնի մեծ դահլիճում անցկացված միջոցառումը կազմակերպվել էր Կահիրեում հավատարմագրված ԱՊՀ անդամ երկրների դեսպանությունների համատեղ ջանքերով: Ծրագիրն ընդգրկում էր պատերազմի և հաղթանակի թեմաներով երաժշտական կատարումներ, ասմունք և լուսանկարչական ցուցահանդես, որտեղ յուրաքանչյուր երկիր ներկայացված էր առանձին ստենդով:

Նույն օրը Բեյրութում Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի դեսպանատները նույնպես նշել են Հաղթանակի 65-ամյակը: Ընդունելությանը ներկա էին Լիբանանի կառավարության պաշտոնյաներ, խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական և հասարակական գործիչներ, հոգևոր առաջնորդներ և Լիբանանի հայկական համայնքի ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: