7 մայիսի 2010 - 15:54 AMT
ՀՅԴ. Իրանը կարող է մասնակից դառնալ ղարաբաղյան կարգավորման գործընթացին

Թեև Իրանը ԵԱՀԿ անդամ չէ, չի կարելի բացառել, որ Իրանին ևս կարող են հրավիրել Մինսկի խմբի խորհրդաժողովին, այդպիսով ներգրավելով Թեհրանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մեջ: Այդ մասին ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների խորհրդաժողովում:

«Ռուս-վրացական պատերազմից հետո տարածաշրջանում նոր գործընթացներ ծավալվեցին և տեղի են ունենում փոփոխություններ, որոնք արդյունքում կարող են հանգեցնել տարածաշրջանային անվտանգության նոր համակարգի ձևավորմանը»,-ասել է Ռուստամյանը: Նա ընդգծել է Թուրքիայի ակտիվությունը տարածաշրջանային գործընթացներում` հավելելով, որ անհրաժեշտ է տարածաշրջանում ակտիվության բալանս ստեղծել Իրանի ու Թուրքիայի միջև: «Մենք չպետք է թույլ տանք փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը»,-ասել է Աժ պատգամավորը:

Արմեն Ռուստամյանը գտնում է, որ Կոսովոյի նախադեպն ու Հարավային Կովկասում ձևավորված 3+2 ձևաչափը (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Հարավային Օսեթիա և Աբխազիա) բաերնպաստ մթնոլորտ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի համար և Հայաստանը պետք է օգտագործի պատեհ առիթը ակտիվ գործողություններ ձեռնարկելու համար:

Ըստ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցչի, Թուրքիայի հետ նախաձեռնված գործընթացը նոր մարտահրավերներ է պարունակում Հայաստանի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար: «Այդ գործընթացը երբեք չի վերաբերվել միայն Հայաստանին ու Թուրքիային: Գործընթացում ներգրավված են գերտերությունները և Հայաստանը պետք է ճիշտ գնահատի իր ազգային շահերը»,-ասել է Ա.Ռուստամյանը: Նա նշել է, որ հայ-թուրքական երկխոսությույը սկսվեց, նպատակ ունենալով թուլացնել պատերազմի վերսկսման վտանգը տարածաշրջանում, սակայն ստացվեց այնպես, որ ռազմական գործողությունների վերսկսման մասին խոսակցությունները միայն հաճախակի դարձան: Ռուստամյանն ասել է, որ Երևանը,երկխոսություն նախաձեռնելով Անկարայի հետ, այսօր գործնականում դարձավ իր նախաձեռնության պատանդը: