7 մայիսի 2010 - 18:40 AMT
Ստեղծվել է գարնանային զորակոչի գործընթացի թափանցիկության ապահովման հանձնաժողով

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով` 2010թ. գարնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումները և բողոքները քննարկելու և դրանց արագ լուծում տալու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Զորակոչի ընթացքում քաղաքացիների ընդունելության կազմակերպման, դիմումների և բողոքների ընդունման համար հանձնաժողովի աշխատանքային օրեր են սահմանվել յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերը` ժամը 12.00-ից մինչև 16.00-ն: Իսկ քաղաքացիների ընդունելությունը տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայրում, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: