7 մայիսի 2010 - 19:06 AMT
Հիլդա Չոբոյան. «Հայաստանը պետք է դասեր քաղի և հասկանա արձանագրությունների ձախողման պատճառները»

«Ես հավատացած եմ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դեռևս ավարտված չէ, այն ընդամենը սառեցված է և կարող է վերսկսվել ամեն պահի», - PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է Եվրոպայի հայկական դաշնության (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը:

Նրա խոսքերի համաձայն, Հայաստանն ու Թուրքիան հավերժ թշնամի մնալ չեն կարող, և երկու պետությունների միջև սահմանը ևս հավերժորեն փակ չի մնա: Բացի այդ, Հիլդա Չոբոյանն ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը համապատասխանում է գերտերությունների աշխարհաքաղաքական և տնտեսական շահերին:

«Քանի դեռ գերտերությունները շահագրգռված են հայ-թուրքական սահմանի բացման և Եվրոպայի ու Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման խնդրում, այդ գործընթացը շարունակվելու է», - ասել է Հիլդա Չոբոյանը:

Նա նաև ասել է, որ հայկական կողմը պետք է դասեր քաղի սխալներից և հասկանա արձանագրությունների ձախողման պատճառները: