8 մայիսի 2010 - 16:31 AMT
Աստվածատուր Պետրոսյան. «Շուշին ազատագրվել է շնորհիվ գրագետ ինքնապաշտպանության»

1992 թ. մայիսի 8-ին Շուշիի ազատագրումը Ղարաբաղյան պատերազմում հայկական զորքերի առաջին խոշոր հաղթանակն էր: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Երկրապահ» կամավորական միության նախկին նախագահ, իսկ այսօր` Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, գեներալ մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

Նրա խոսքերի համաձայն, Շուշին անառիկ բերդաքաղաք է: Եվ զուր չէր, որ ժամանակին թուրքական 40 հազարանոց բանակը չէր կարողացել գրավել այն: «Բայց մեր երկհազարանոց բանակը, շնորհիվ կազմակերպված գործողության, կարողացավ ազատագրել Շուշին, չնայած, որ քաղաքում գտնվող ադրբեջանական բանակը և նրա ռազմական տեխնիկան մի քանի անգամ գերազանցում էր մեր ուժերը», - ընդգծել է գեներալը:

PanARMENIAN.Net-ի հարցին այն մասին, թե արդյոք ադրբեջանական կողմում Շամիլ Բասաևի հրամանատարությամբ կռվին մասնակցո՞ւմ էին չեչեն կամավորականներ, պատասխանելով,Ա. Պետրոսյանն ասել է, որ այն ժամանակ ադրբեջանցիների հետ միասին մարտնչում էին 400 չեչեն կամավորական` Բասաևի հրամանատարությամբ:

«1992 թ. հուլիսի 3-ին Կարմրավան գյուղի ազատագրման ժամանակ 120 չեչեն մարտիկ գերի ընկավ: Նրանց մեծ մասը զոհվեց: Դրանից հետո Շամիլ Բասաևը այլևս չվերադարձավ Ղարաբաղ», - ասել է Ա. Պետրոսյանը: