8 մայիսի 2010 - 16:46 AMT
Հայաստան է ժամանում Կուբանի կազակական զորքերի պատվիրակությունը

Հունիսին Հայաստան կժամանի ՌԴ Կուբանի կազակական զորքերի պատվիրակությունը: PanARMENIAN.Net-ին Հայ-կազակական բարեկամության և համագործակցության միջազգային միության տեղեկատվական կենտրոնից հայտնել են, որ այդ այցի նպատակն է հարգանքի տուրք մատուցել 19-րդ դարի ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների ընթացքում հայկական հողում զոհված կազակների հիշատակին: Բացի այդ, Կուբանի կազակները կմասնակցեն Հայ-կազակական բարեկամության ու համագործակցության միջազգային միավորման 10-ամյակի տոնակատարությանը:

«Հայ-կազակական բարեկամության արմատները գնում են դեպի դարերի խորքը: Հազարավոր կազակներ զոհվել են Հայաստանի տարածքում տարբեր պատերազմների ժամանակ` օգնելով հայերին պաշտպանել իրենց սահմանները պարսիկներից ու թուրքերից: Հայերն իրենց հերթին պաշտպանել են Կուբանի հողը Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Մենք բարձր ենք գնահատում հայերի հետ բազմադարյան բարեկամությունն ու արժևորում ենք հիշատակի ավանդույթները», - նշել է Կուբանի կազակական զորքերի ատաման, կազակական գեներալ, ՌԴ Հարավային Դաշնային մարզի փոխմարզպետ Նիկոլայ Դոլուդան: Վերջերս Նովոռոսիյսկում իր գործունեությունն է սկսել Հայ-կազակական բարեկամության ու համագործակցության միջազգային միավորումը: