8 մայիսի 2010 - 16:53 AMT
ՍԴՀԿ երիտասարդական միություն. Արցախի անկախությունն այլընտրանք չունի

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը Շուշիի ազատագրման տոնի առթիվ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև անց էր կացնում աջակցության բազմամարդ հավաք: Հավաքի մասնակիցները Հայաստանի, Արցախի և Հնչակյան կուսակցության դրոշներով երթով շարժվեցին դեպի Արցախի ներկայացուցչության շենք:

ՍԴՀԿ պատվիրակությունը հանդիպում ունեցավ Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության ղեկավար Կառլեն Ավետիսյանի հետ և Հնչակյան կուսակցության անունից փոխանցեց Շուշիի ազատագրման առթիվ շնորհավորանքները:

Հանդիպման մասնակիցներն իրենց խոսքում անդրադարձան նաև բանակցային գործընթացին և նշեցին, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի: Իր խոսքում ԼՂՀ ներկայացուցչության ղեկավարն անդրադարձավ նաև պատերազմի վերսկսման մասին ադրբեջանական սպառնալիքներին` նշելով, որ եթե պաշտոնական Բաքուն պատրաստ լիներ պատերազմի, ապա վաղուց այն սկսել էր:

ՍԴՀԿ ներկայացուցիչները և ԼՂՀ ներկայացուցչության ղեկավարը փաստեցին, որ առանց Արցախի անմիջական մասնակցության բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումն ուղղակի անհնար է, հայտնում է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության մամլո դիվանը: