11 մայիսի 2010 - 14:32 AMT
ԵՄ որոշում է կայացրել Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հետ ասոցիատիվ համաձայնության մասին

Եվրամիության Արտաքին գործերի խորհուրդը մայիսի 10-ին կայացած նիստում որոշել է Եվրամիության` Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հետ, ասոցիացիայի մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին: Ինչպես հաղորդում է ԵՄ պաշտոնական կայքը, ասոցիացիայի մասին համաձայնագրերը կփոխարինեն Հարավային Կովկասի այդ երկրների հետ ԵՄ-ի հետ համագործակցության ու գործընկերության մասին գործող համաձայնագրերը: Նիստի շրջանակներում քննարկվել է նաև նոր ենթակոմիտեների ստեղծման մասին հարցը, որոնք աշխատելու են համագործակցության խորացման ուղղությամբ տարբեր ոլորտներում:

«Արևելյան գործընկերության» մասին համատեղ հռչակագիրն ընդունվեց 2009թ. մայիսի 7-ին Պրահայում բարձր մակարդակով հանդիպման շրջանակներում: Հռչակագրում նշված է մասնակից երկրների ցանկությունը խորացնել ու ակտիվացնել ԵՄ-ի հետ երկկողմ հարաբերությունները: