13 մայիսի 2010 - 14:52 AMT
Թուրքիան շարունակում է զինել Ադրբեջանին

Ադրբեջանին ցուցաբերվող թուրքական ռազմական օգնության չափերը կազմում են շուրջ 200 մլն դոլար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեժդի Քոնուլը: «Մեր համագործակցությունը Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում սկիզբ առավ Ադրբեջանի անկախացման արդյունքում և այդ գործընթացը շարունակվում է մինչ օրս: Կարևորվում է հատկապես Ադրբեջանի ԶՈւ սպաների ուսուցումը Թուրքիայի ռազմական ուսումնական հաստատություններում: Բացի այդ, թուրք սպաները մեծապես նպաստեցին ադրբեջանական բանակի կազմավորմանը»,-ասել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը:

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է հրաձգային զենք արտադրել Թուրքիայի մեքենաշինական ու քիմիական նախարարության հետ համատեղ: Ջամալովը նշել է նաև, որ Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են համագործակցության հեռանկարները պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Ադրբեջանն ապագայում կմասնակցի Թուրքիայի մի շարք ռազմական նախագծերի, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: