13 մայիսի 2010 - 15:09 AMT
Բուլղարիայում տեղի ունեցավ «Եվրոպա 2001» ամսագրի Հայաստանին նվիրված համարի շնորհանդեսը

Մայիսի 10-ին, Բուլղարիայի մշակույթի նախարարության «Սրեդեց» սրահում տեղի ունեցավ Հայաստանին նվիրված «Եվրոպա 2001» ամսագրի ապրիլյան համարի շնորհանդեսը, որը հրատարակվել է Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ` «Հայկական մշակույթի տարի Բուլղարիայում» խորագրով փառատոնի շրջանակներում:

Շնորհանդեսին ելույթներով հանդես եկան Բուլղարիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը, Բուլղարիայի մշակույթի փոխնախարար Թոդոր Չոբանովը եւ «Եվրոպա 2001» ամսագրի գլխավոր խմբագիր տիկին Գենչեւան:

Դեսպան Մանասարյանը հատուկ շնորհակալություն հայտնեց բոլոր այն գերատեսչություններին եւ անհատներին, որոնց աջակցությամբ եւ անմիջական մասնակցությամբ հնարավոր եղավ առաջին անգամ բուլղարերենով հրատարակել ամբողջովին Հայաստանին նվիրված ամսագիր, որտեղ ընթերցողին հնարավորություն է ընձեռնվում ծանոթանալ ինչպես հայ ժողովրդի պատմական անցյալին, մշակութային ժառանգության, կրոնին ավանդույթներին, այնպես էլ նորանկախ Հայաստանի Հանրապետության արտաքին, ներքին եւ տնտեսական քաղաքականության գերակա ուղղություններին եւ խնդիրներին:

Բուլղարիայի մշակույթի փոխնախարարը իր ելույթում եւս, անդրադառնալով հայ- բուլղարական դարավոր բարեկամությանը, ավելացրեց, որ Բուլղարիայի եւ Հայաստանի միջեւ կապերը նույնքան հինավուրց են, որքան երկու ժողովուրդները եւ բուլղարահայ համայնքը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: