«ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ ապրիլի 30-ից մինչև մայիսի 11-ը Կենտրոնում անցկացվեց «Ինֆորմատիկա» մրցույթ` Լոռվա մարզի, միջին դասարանի աշակերտների շրջանում: Վանաձորի, Ստեփանավանի, Գուգարքի, Մարգահովտի, Փամբակի, Քարաձորի և Գյուլաքարակի 6-11 դասարանի շուրջ 700 աշակերտ ցուցադրեցին իրենց համակարգչային գիտելիքները: Մրցույթն անցկացվեց «Գործարարության զարգացման և օժանդակման կենտրոն» ՀԿ-ի և Ինտերնետ հանրության հետ համատեղ: «Մենք առաջնային նշանակություն ենք տալիս կրթական ծրագրերին` իրականացնելով դրանք «Պայծառ ապագա» խորագրի ներքո: Ժամանակակից աշխարհում համակարգչային հմտություններն անհրաժեշտ են գրեթե բոլոր բնագավառներում, այդ իսկ պատճառով «ԱրմենՏել» ընկերությունը` որպես կապի միասնական օպերատոր, հովանավորելով կրթական ծրագրեր մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդների համակարգչային գրագիտության բարձացմանը»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Գործարարության զարգացման և օժանդակման կենտրոնի» նախագահ Ռազմիկ Սոլոմոնյանը նշեց. «Շնորհիվ «ԱրմենՏել» ընկերության, ոչ միայն զգալիորեն ընդլայնվեց մեր կազմակերպության լսարանը, այլև մոտ ապագայում մենք հնարավորություն կունենանք անցկացնել վեբ-տեխնոլոգիաների դասընթացներ, ինչպես նաև կազմակերպել տեսակոնֆերանս Մարսել քաղաքի ուսանողների և գործընկերների հետ»:
Դպրոցականների համար ուսումնական ծրագրում ներառված են ծրագրավորման լրացուցիչ դասեր, մշակված է ուսուցիչների որակավորման և բնակչության համակարգչային գրագիտության բարձրացման մեթոդիկա: 2004թ-ից ի վեր Կենտրոնում ուսուցանվել է Վանաձորի միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների ավելի քան 350 աշակերտ և ուսանող: Կենտրոնում վերապատրաստվում են նաև Վանաձորի որոշ ձեռնարկությունների ֆինանսական մենեջերներ:
Նշենք, որ «Գործարարության զարգացման և օժանդակման կենտրոն» ՀԿ-ն Հայաստանում գործում է 1995 թ-ից: Այս մասին հաղորդում է «ԱրմենՏել»-ի մամլո ծառայությունը: